Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

ՊԱՐՈՆ ԲԱԳՐԱՏՅԱ΄Ն, ՀԱՆԻ΄Ր ԶՈԴՈՂԻ ԴԻՄԱԿԸ

Պարոն Բագրատյա΄ն, հանի΄ր զոդողի դիմակը
 
 

Թերևս քչերը կգտնվեն, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին չդասեն երկրի լավագույն և հմուտ տնտեսագետների շարքում: Ցավոք, այլ տպավորություն ստացանք ես և ընկերներս, երբ կարդացինք նրա՝ 31.01.2020 թվականի Facebook-յան գրառումը: Տարակուսեցինք ոչ թե գրառումից, այլ նրանից, որ գրառման հեղինակը Բագրատյանն էր: Այնպիսի տպավորություն է, թե նա, համատեղության կարգով աշխատելով Ադրբեջանում, վարձատրվում է մեր ժողովրդին հիասթափեցնելու և բարոյալքելու դիմաց: Մի՞թե ՀՀ պաշտպանական դոկտրինայի, զինատեսակի ձեռքբերման նպատակահարմարության կամ ծախսված գումարների աղբյուրի պարզաբանման թեմաները նպատակահարմար է դնել հանրային քննարկման: Եթե նրա նպատակն ազնիվ է, և ցանկացել է օգտակար լինել հայրենիքին, ապա պատկան մամիններին այն տեղեկացնելու համար ինչու՞ չի օգտվել իրեն հայտնի խողովակներից, փոխարենը մարդկանց հիասթափեցնում է, որ իրենց անվտանգության հարցում երաշխավորված չզգան ու հսկայական միջոցներով ձեռք բերված զինտեխնիկան համարեն աննպատակ: 

Ադրբեջանի ունեցած զինատեսակների ցանկը հրապարակելով՝ միգուցե ցանկացել է սեփական տեղեկացվածությունն ի ցույց դնել հանրությանը և ընդգծել հարևան երկրի «հզորությունն» ու «դատապարտվածի» մեր կարգավիճակը կամ էլ հասկացնել, որ ի դեմս իրեն՝ ազգը կորցրել է կամ անտեսել ժամանակի խոշորագույն ռազմական գործչին, ստրատեգին ու տակտիկին, և երկրում ոլորտին իր չափ տիրապետողներ չկան: Չնայած մեծաքանակ «կամ»-երի և հնարավոր տարբերակների ենթադրության առկայությանը՝ գրածի տրամաբանությունն այդպես էլ մնաց չհասկացված: 

 

Եթե միայն սրանով ավարտվեր, միգուցե տանելի լիներ: Սկսում եմ անհանգստանալ շրջապատող իրականության մեջ դրական փոփոխությունները նկատելու և գնահատելու որոշ մարդկանց անկարողությունից: Ակնհայտը և շոշափելին, ցանկալին ու պահանջվածը ստանալիս կամ տեսնելիս շարունակում են մնալ թերահավատ, կասկածամիտ և չարժևորող: Նույնիսկ հարսանիքի արարողության բերկրանքը վայելելու փոխարեն մտածում են՝ չի բացառվում, որ նորաստեղծ ընտանիքը ամուսնալուծվի կամ որևէ մեկի՝ իրեն ուղղված անշահախնդիր օգնության ձեռքը սեղմելուն զուգահեռ մտածում է՝ իսկ ձեռքը մեկնողի օգուտը ո՞րն է: Այսինքն, բարությունը, կարեկցանքը, ասպետությունը, խոսքի արժեքը և նման այլ երևույթները որոշ մարդկանց համար անհասկանալի և գոյություն չունեցող աբստրակտի ժանրից են:

Փոխարենը, իրենց ցանկացած ձախողումից կամ անհաջողությունից, մազոխիստին բնորոշ, կարծես ոգևորվում ու ծաղկում են, էլ չասած հարևանի: Ավելին, երբ ընկերոջը կամ մտերիմին պետք է տեղեկացնել վատ լուրի կամ դժբախտ իրադարձության մասին՝ չսպասելով լույսը բացվելուն, դա անում են գիշերով՝ ձայնին տխուր երանգ տալով, սակայն լուրը առաջինը հայտնողի դափնեկրի զգացումով, զուգահեռ շարունակելով փորփրել հիշողությունը, որ ընկերներից կամ մտերիմներից որևէ մեկը հանկարծ չտեղեկացված լինելով հանգիստ գիշերի:

 Մի կերպ կարելի է ընկալել, երբ նման վարքագիծ դրսևորում են քաղաքական ընդդիմադիրները կամ ռևանշիստները, սակայն մտահոգիչ է՝ երբ այն մետասթազ  տալով դառնում է առօրեական՝ հավակնելով դառնալ ընդհանուր մտածելակերպ:

Վարչապետի կողմից կենցաղային աղբին և շրջապատող գույների գորշությանը, նաև արական սեռի ամբողջովին սևագույն զգեստներ նախընտրողներին վերջերս արված անդրադարձը կարծում եմ, ի թիվս այլոց, նպատակ էր հետապնդում նաև մարդկանց մոտ կոտրել հավերժ դժգոհի ու չբավարարվածի կարծրատիպերը, որ հանեն սև ակնոցները և արթնացնեն իրենցում վաղուց նիրհի մեջ գտնվող ու մոռացության մատնված պոզիտիվն ու լավատեսությունը:  
Կարծում եմ պարոն Բագրատյանին վատ չէր լինի վերհիշել, թե վերջին անգամ իր արտահայտած մտքերում երբ է ընդգծել որևէ դրականի և հաջողվածի մասին, թե՞ դրանք երբևիցե չենք ունեցել: Տխուր է… բայց ոչ անհույս:

Արմեն Գևորգյան

Loading...