Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Իշխանության երազանքի երիտասարդը

 

 
 
 
 

Հանրային հեռուստաալիքը, Պետրոս Ղազարյանը հայթհայթել են երեք երիտասարդ դաշնակցականի, հրավիրել եթեր, որտեղ նրանք հայտարարել են, թե Արայիկ Հարությունյանն իրենց սրտի նախարարն է, եւ որ իրենք չեն պահանջում նրա հրաժարականը:

Ոչ, Հանրայինը եթեր չի հրավիրել նախօրեին ոստիկանների կողմից հարձակման ենթարկված ցուցարարներին, որոնք իրենց հնարավորությունների չափով պայքարում են ազգային արժեքների պահպանման համար:

Ինչո՞վ է զբաղված Հանրային հեռուստաալիքը՝ ընդամենը իրավիճակի խեղաթյուրմամբ, միաժամանակ անելով շատ ավելի վատ քայլ՝ հերոսացնելով ընկերներին դավաճանողներին:

Ի վերջո, Նիկոլ Աղբալյան երիտասարդական միության հարյուր երիտասարդից իննսունյոթը պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը, իսկ երեքը՝ ոչ, բայց եթեր է տրամադրվում հենց այդ երեքին: Անսահման է Հանրայինի մտքի թռիչքը:

Տեսեք ինչ է ստացվում. Հանրային հեռուստաալիքը, իշխանությունները յուրահատուկ մեսիջ են ուղարկում հանրությանը, երիտասարդությանը, ցույց տալով, թե իրենք ում են գնահատում, նկատում եւ առաջ մղում: Այս քայլը շատ ավելի ծանր հետեւանքներ է ունենալու հանրության, երկրի համար, քան տնտեսական ներկայիս դժվարությունները:

Ի՞նչ կասեին իմքայլական պատգամավորները, այսօր Հանրայինում աշխատող շատ լրագրողներ, եթե 2018-ի ապրիլին Հանրայինը եթեր հրավիրեր, օրինակ, երեք ուսանողի, որոնք հայտարարեին, թե իրենք Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջում: Եթե ոչինչ էլ չասեին, ապա հաստատ կծիծաղեին:

Հետաքրքիր է, իսկ հիմա ինչու են լռում, ինչու չեն ծիծաղում, չեն քննադատում այս քայլը, մթնոլորտն ավելի վատը դարձնող այս արարքը: ոխարենը դատապարտում են ՀՅԴ-ին, որ երիտասարդներին հեռացրել են կուսակցությունից: Իսկ ինչ պետք է անեին՝ պարգեւատրումներ հատկացնեի՞ն, խրախուսեի՞ն, թե կարեւոր դիրքերում նշանակումներ անեին:

Ցավալի է, բայց փաստ՝ իշխանության երիտասարդի իդեալը հենց այս երեք երիտասարդներն են, մարդ առեւանգող եւ նրան աղբամանի մեջ գցողները, տարօրինակ ներկայացում բեմադրողները…

Վարդան Մխիթարյան

Top-News.am 

Loading...