Loading...

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

Աշխարհում ապրելու համար ամենապիտանի քաղաքները

 
 
 

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Վիեննան համարվում է աշխարհում ապրելու համար ամենապիտանի քաղաքը՝ ցուցադրելով կայունության, մշակույթի եւ շրջակա միջավայրի, կրթության եւ ենթակառուցվածքի, ինչպես նաեւ առողջապահության լավագույն ցուցանիշներ, փոխանցում է CNN-ն:

Նրան հետեւում է Մելբուռնը, որին անցյալ տարի Վիեննան տապալել էր 7 տարվա առաջնորդությունից հետո: Սիդնեյը, Օսական եւ Կալգարին նույնպես մտնում են աշխարհի 140 քաղաքների կենսունակության ամենամյա գլոբալ ինդեքսի լավագույն հնգյակում, որը ներկայացվել է The Economist Intelligence Unit-ում:

Չնայած թոփ-10-ում գերակշռում են Ավստրալիան, Կանադան եւ Ճապոնիան, Եվրոպան ընդհանուր առմամբ լավ արդյունք է ցուցադրել: 20 լավագույն երկրներից 8-ը Հյուսիսային Եվրոպայում են. Կոպենհագենը 3-րդ տեղում է, իսկ Ցյուրիխը, Ֆրանկֆուրտը եւ Ժնեւը՝ 11, 12 եւ 14-րդ:

Թոփ-20-ի մեջ են մտել նաեւ Հելսինկին, Ամստերդամը եւ Համբուրգը, մինչդեռ Բեռլինն ու Լյուքսեմբուրգը զբաղեցրել են համապատասխանաբար՝ 21-րդ եւ 23-րդ հորիզոնականները:

Հոնոլուլուն դարձել է ԱՄՆ լավագույն քաղաքը՝ հայտնվելով 22-րդ տեղում, իսկ Ատլանտան, Պիտսբուրգը, Սիեթլը եւ Վաշինգտոնը մտել են լավագույն 40-ի մեջ: Լոնդոնն ու Նյու Յորքը զբաղեցրել են համապատասխանաբար՝ 48-րդ եւ 58-րդ տեղերը: Դրանց վարկանիշը նվազել է՝ կապված ենթակառուցվածքի ու կայունության եւ հանցավորության ու ահաբեկչության ավելի բարձր ռիսկի հետ:

Փարիզի կայունության վարկանիշը նույնպես նվազել է «դեղին բաճկոնավորների» հակակառավարական ցույցերի շնորհիվ: Ֆրանսիայի մայրաքաղաքը կորցրել է 6 կետ՝ հանգրվանելով 26-րդ տեղում:

Դամասկոսը ճանաչվել է աշխարհում ապրելու համար նվազագույն պիտանի քաղաք, նրան հաջորդում են Լագոսը (Նիգերիա) եւ Դաքքան (Բանգլադեշ): Կարակասը ապրելու համար նվազագույն պիտանի 10-րդ քաղաքն է:

2019 թվականին աշխարհում ապրելու համար ամենապիտանի քաղաքները.

1. Վիեննա, Ավստրիա

2. Մելբուռն, Ավստրալիա

3. Սիդնեյ, Ավստրալիա

4. Օսակա, Ճապոնիա

5. Կալգարի, Կանադա

6. Վանկուվեր, Կանադա

7. Տորոնտո, Կանադա

8. Տոկիո, Ճապոնիա

9. Կոպենհագեն, Դանիա

10. Ադելաիդա, Ավստրալիա

2019 թվականին աշխարհում ապրելու համար նվազագույն պիտանի քաղաքները.

1. Դամասկոս, Սիրիա

2. Լագոս, Նիգերիա

3. Դաքքա, Բանգլադեշ

4. Տրիպոլի, Լիբիա

5. Կարաչի, Պակիստան

6. Պորտ Մորսբի, Պապուա-Նոր Գվինեա

7. Հարարե, Զիմբաբվե

8. Դուալա, Կամերուն

9. Ալժիր, Ալժիր

10. Կարակաս, Վենեսուելա:

Loading...