Loading...

«Սպիտակ ծովում միջուկային ռեակտոր է պայթել». ռուս ֆիզիկոսներների սենսացիոն հայտարարությունը (տեսանյութ)

loading...

 
 
 

ՌԴ Սարով քաղաքում գտնվող միջուկային կենտրոնի ղեկավարությունը սենսացիոն հայտարարություն է արել Արխանգելսկի մարզում օրերս տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ՝ հայտարարելով, որ Սպիտակ ծովում միջուկային ռեակտոր է պայթել, գրում է fontanka.ru-ն: Այս կերպ ռուս ֆիզիկոսները կասկածի տակ են դրել ՌԴ պաշտպանության նախարարության ու «Ռոսատոմ»-ի հայտարարությունը:


Սարով քաղաքում գտնվող ՌԴ միջուկային կենտրոնի պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է օգոստոսի 11-ին՝ «Колючий Саров» քաղաքային տեղեկատվական թերթի կայքում: Այն նաև ցուցադրել են տեղական հեռուստաընկերությամբ:

Ըստ կենտրոնի տնօրեն Վալենտին Կոստյուկովի և գիտական ղեկավար Վյաչեսլավ Սոլովյովի՝ 5 գիտնականների մահվան պատճառ է դարձել փոքր միջուկային ռեակտորի պայթյունը: Նշվում է, որ երեք գիտնական տուժել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Միջուկային կենտրոնի ղեկավարը պատմել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել ոչ թե պոլիգոնի առափնյա հատվածում, ինչպես ավելի վաղ նշել է ՌԴ ՊՆ-ն, այլ Սպիտակ ծովի ջրային տարածքում:

Նաև նշվել է, որ նոր զենքի փորձարկման նախապատրաստական աշխատանքները տևել են տարուց ավելի: Թե մասնավորապես ինչ զենքի ստեղծման վրա են աշխատել գիտնականները՝ ֆիզիկոսները չեն հայտնել: Լուրեր են շրջանառվում, որ խոսքն անսահմանափակ հեռահարության միջմայրցամաքային հրթիռի մասին է, որի մասին ժամանակին հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ծովային պոլիգոնում պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 8-ին: Ըստ ՊՆ-ի պաշտոնական վարկածի՝ ողբերգությունը տեղի է ունեցել «հեղուկային ռեակտիվ շարժիչային սարքի փորձարկումների» ժամանակ:

Ծովի այդ հատվածը մինչև սեպտեմբերի 10-ը փակ կլինի նավագնացության համար: Արգելված գոտու ընդհանուր մակերեսը մոտ 230 ք/կմ է:

Loading...